Պակիստանը հայտարարել է, որ շաբաթ օրը Հնդկաստանը հրթիռներ է արձակել երկրի երեք ավիաբազաների ուղղությամբ, սակայն հրթիռների մեծ մասը վնասազերծվել է, և Հնդկաստանին հասցվել է պատասխան հարված: ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն ուրբաթ զրուցել է Պակիստանի բանակի ղեկավար Ասիմ Մունիրի հետ և կոչ արել երկու կողմերին գտնել դեէսկալացիայի ուղիներ, առաջարկել է Վաշինգտոնի աջակցությունը բովանդակալից բանակցություններ սկսելու և ապագա հակամարտություններից խուսափելու համար:               
 

Արթուր Բաղդասարյանը շարունակում է արդարանալ

Արթուր Բաղդասարյանը շարունակում է արդարանալ
19.07.2014 | 22:31

«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ հերթով անդրադարձավ ՕԵԿ-ի հասցեին հնչող մեղադրանքներին։ Նա սկսեց 2006-ին ԱԺ նախագահի պաշտոնից իր հրաժարականից։ «Երբ Ռոբերտ Քոչարյանի հետ տարաձայնությունների հետևանքով ես կամովին լքեցի ԱԺ նախագահի պաշտոնը, որոշ ընդդիմախոսներ հայտարարեցին, թե Արթուր Բաղդասարյանը դուրս է եկել իշխանությունից և ԱԺ նախագահի պաշտոնից պայմանավորված ձևով և գործուղվել ընդդիմության ձայները փոշիացնելու։ Այս թեզը մեր ընդդիմախոսները շրջանառության մեջ դրեցին այդ տարիներին, բայց ՕԵԿ-ը, շնորհիվ իր 100 000-ավոր նվիրյալների, 2007-ին արդեն երրորդ անգամ մուտք գործեց ԱԺ»,- ասաց նա։
«Ես և իմ թիմակիցները բազմիցս հերքել ենք այդ հերթական կեղտոտ, ստահոդ լուրը և հիմա էլ հայտարարում եմ, որ ՕԵԿ-ը 2006-ին մինչև իշխանությունից դուրս գալը, ուներ 22 պատգամավոր, իսկ նախագահի պաշտոնից հրաժարականից հետո մնացին 10-ը, որովհետև 12-ին ստիպեցինք հրաժարվել»,- նշեց նա։
Բացի այդ, ըստ նրա՝ 2006-2008-ին ՕԵԿ-ի նկատմամբ տարբեր շինծու գործեր են հարուցվել: «Այսինքն՝ ի՞նչ էին պայմանավորվել, որ պառակտեին կուսակցությունը, հալածեին մեզ»,- հարցրեց նա։
Այնուհետև նա անցավ հաջորդ մեղադրանքին. «Արթուր Բաղդասարյանը 2008-ի նախագահական ընտրություններին դավաճանեց ժողովրդին, միացավ Սերժ Սարգսյանին և պատասխանատվություն է կրում Մարտի 1-ի սպանությունների համար»։ Նա հիշեցրեց նախագահական ընտրությունների ընթացքը, որ հիմնական առաջադրված թեկնածուները երեքն էին՝ Սերժ Սարգսյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը և ինքը։
«Քարոզարշավի ուղիղ կեսին Լևոն Տեր-Պետրոսյանը ՕԵԿ գրասենյակում ինձ ասաց. «Արթուր, դու ընտրություն չունես. կամ պետք է միանաս ինձ, կամ քեզ քաղաքականապես կոչնչացնեմ»։ Ես առաջարկեցի նրան կազմակերպել հանդիպումներ թիմերի լայն կազմով, մշակել առավել լայն ռազմավարություն, քննարկել ինչպես նախընտրական, այնպես էլ հետընտրական համագործակցությունը՝ ներառել Տեր-Պետրոսյանի կողմից ինձ սատարելու հնարավորությունը, առավել ևս ինչպես ինքն էր հայտարարել, որ իր նպատակը միայն ժամանակավորապես նախագահի պաշտոնը զբաղեցնելն էր։ Ինձ հնչեցված պատասխանը միանշանակ ոչ էր՝ հետագա կոշտացման հիմքով։ Մեր հանդիպումն ավարտվեց հետևյալ ֆրազով՝ երեք օր մտածիր, հետո կասես, ես իմ ասածն ասացի»,- շարունակեց նա։ Իսկ թե ինչ եղավ երեք օր հետո, Բաղդասարյանը նշեց, թե դրա պատասխանը տրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթում։ ««Հայկական ժամանակը» գրել էր այն մասին, որ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին օրերի հանրահավաքները նվիրված էին Արթուր Բաղդասարյանին՝ 2008 թվականի նախագահական ընտրությունների վերջին տասնօրյակին, ես մի կողմից գտնվել եմ իշխանությունների հուժկու քննադատության և ճնշումների, մյուս կողմից՝ Տեր- Պետրոսյանի և նրան սատարող ուժերի քննադատության կենտրոնում, ովքեր ինչ լուտանք ասես չթափեցին։ Արդյունքում ես միայնակ իմ թիմով ու սատարող ժողովրդով մասնակցել եմ ընտրություններին և ընդամենը մեկ-երկու տոկոսով եմ զիջել Լևոն Տեր-Պետրոսյանին, որին քսանից ավելի կուսակցություններ էին սատարում։ Ընտրություններից հետո ես չեմ հանդիպել Լևոն Տեր-Պետրոսյանին երկու պատճառով։ Նախ՝ նման առաջարկ չէր եղել, և երկրորդ՝ խորապես վիրավորված՝ մեր թիմին արգելում էի նախաձեռնություն ցուցաբերել»,- ասաց նա։
Արդյունքում փետրվարյան տասնօրյակին, ըստ նրա, Երևանը հեղեղվեց միտինգներով և վրանով, մարդիկ սպասում էին նաև իր և իր թիմի որոշմանը։ «Սակայն միտինգները ու սկիզբ առած երգն ու պարը բավարար չէին արդյունքների հասնելու համար, իսկ հետագա գործողությունների ծրագիր ժողովրդին չէր հրամցվում, ինչի արդյունքում տեղի ունեցան ողբերգական մարտյան դեպքերը: Նախագահական ընտրություններից անմիջապես հետո Սերժ Սարգսյանը հրապարակավ դիմեց մեզ՝ կազմել կոալիցիա։ Արդյունքում մենք հանդիպեցինք, այնուհետեւ ստորագրվեց կոալիցիոն հուշագիր»,- ասաց ՕԵԿ նախագահը և հայտարարեց, թե Մարտի 1-ի համար մեղավոր են բոլորը՝ թե իշխանությունը, թե ընդդիմությունը:
«Հիմա ովքե՞ր են մեղավոր մարտյան դեպքերի համար, մեղավորները նախ ընտրական գործընթացների երկու հիմնական դերակատարներն են՝ մի կողմից իշխանությունը, մյուս կողմից՝ հրապարակը գրաված, բայց ժողովրդին ծրագիր չառաջարկող ընդդիմությունը: Նման իրավիճակներում փնտրում են մեղավորներ, իսկ ամենահարմար մեղավորն ո՞վ կարող էր լինել, եթե ոչ ՕԵԿ-ը, քանի որ մենք արդեն թիրախ էինք եղել և պատասխանատվությունից խուսափելու լավագույն ձևը այդ պատասխանատվությունն ուրիշի վրա բարդելն է»,- ասաց նա: Վերջում Արթուր Բաղդասարյանը հայտարարեց, թե ամեն դեպքում նա եկել է Ազատության հրապարակ և պայքար է սկսել հանուն հայրենիքի՝ առանց մաղձի ու թույնի։

Դիտվել է՝ 1429

Մեկնաբանություններ